Երվանդ Քոչար (1899-1979)

PortfolioRepositoryԵրվանդ Քոչար

1899 թ. – ծնվել է Թիֆլիսում։

1909-1918 թթ. – ուսանել է Ներսիսյան դպրոցում, որտեղ նկարչություն է սովորել Ռ. Շամշինյանի մոտ։

1914-1918 թթ. – սովորել է Գեղեցիկ արվեստների խրախուսման կովկասյան ընկերությանը կից գեղարվեստի և քանդակագործության դպրոցում, Ե. Թադևոսյանի դասարանում։

1918-1919 թթ. – ապրել է Մոսկվայում և սովորել Ազատ գեղարվեստի պետական արվեստանոցներում, Պ. Կոնչալովսկու մոտ։

1919-1921 թթ. – նկարչություն և գեղանկարչություն  է դասավանդել Թիֆլիսի գիմնազիաներում։

1919-1920 թթ. – մասնակցել է Աշնանային II և III ցուցահանդեսներին (Թիֆլիս)։

1921 թ.-ից գեղանկարչության պրոֆեսոր է եղել բարձրագույն պետական գեղարվեստական տեխնիկական արվեստանոցներում։

1921-1922 թթ. – «Հայ նկարիչների միության» ցուցահանդեսային հանձնաժողովի և «Հայարտուն» միության անդամ։

1922 թ. – նկարների ցուցահանդես է բացվել Կոնստանդնուպոլսում։

Ուղևորվել է Սբ. Լազար կղզի։ Դասավանդել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։

1923 թ. – ժամանել է Փարիզ, որտեղ բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։

1924 թ. – մասնակցել է «Անկախների սրահի» և «Աշնանային սրահի» ցուցահանդեսներին։

1926 թ. – մասնակցել է «Անկախների սրահի» ցուցահանդեսին։

Անհատական ցուցահանդես «Ausacre du printemps» պատկերասրահում (կատալոգի հեղինակ՝ Վալդեմար Ժորժ)։

1928 թ. – «Van Leer» պատկերասրահում բացվել է պլաստիկ գեղանկարի նոր արտահայտչաձևի՝ «Տարածական գեղանկարչության» ստեղծագործությունների անհատական ցուցահանդես։

1929 թ. – «Տարածական գեղանկարչության» ստեղծագործությունները ցուցադրվեցին «Bonaparte» հրատարակչության դահլիճներում և «Ժամանակակից արվեստի համայնապատկեր» միջազգային ցուցահանդեսում, որին մասնակցում էին Բրակը, Շագալը, Դելոնեն, Լյուրսան, Մատիսը, Միրրոն, Պիկաբիան, Պիկասսոն, Սյուրվաշը, Ուտրիլլոն, Վլամինգը և այլոք։

1930 թ. – մասնակցել է «Confrontation» ցուցահանդեսին, «Fenetre ouverte» պատկերասրահի և Լոնդոնի «The Leicester Galleries» պատկերասրահի ցուցահանդեսներին՝ Լեժեի, Մետցենժեի, Սեվերինի և այլոց հետ։

1932 թ. – Փարիզում Լեոնս Ռոզենբերգի պատկերասրահում մասնակցել է «Կուբիստների, սյուռեալիստների և աբստրակցիոնիստների ստեղծագործությունների» ցուցահանդեսին։

1934 թ. – անհատական ցուցահանդես՝ «Քոչար։ Գեղանկարչություն։ Քանդակ։ Գրաֆիկա» («Vignon» պատկերասրահ)։

1935 թ. – Բուդապեշտում, Բռնոյում, Բրատիսլավայում, Պրահայում ցուցահանդեսների մասնակցելուց հետո հրատարակել է «Տարածական գեղանկարչության» իր ուսմունքը։

1936 թ. – Արպի, Միրրոյի, Դելոնեի, Կանդինսկու, Պիկաբիայի և այլոց հետ ստորագրել է Դիմանսիոնիզմի մանիֆեստը։

Վերադարձել է Թիֆլիս, դիմել Վրաստանի Նկարիչների միություն ընդունվելու համար և մերժվել։ Աշնանը տեղափոխվել է Երևան։

1937 թ. – դարձել է Հայաստանի Նկարիչների միության անդամ, պարբերաբար մասնակցել հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։

Հոկտեմբերի 2-ին «Սովետական Հայաստան» թերթում Քոչարը մեղադրվել է «հակասովետական քարոզչության և հակահեղափոխական գործունեության» մեջ։

1938 թ. – մասնակցել է Մոսկվայում անցկացվող հայկական մշակույթի տասնօրյակին։

1939 թ. – «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի առթիվ 18 օրում կերտել է ձիուն հեծած Սասունցի Դավթի  գիպսե արձանը, որը տեղադրվել է Երևանի կայարանամերձ հրապարակում (ոչնչացվել է 1941 թ.)։

Կատարել է «Սասունցի Դավիթ» էպոսի լենինգրադյան ակադեմիական հրատարակության նկարազարդման աշխատանքները։

1940 թ. – համամիութենական մրցույթում նրան շնորհվել է II կարգի մրցանակ Նիզամի Գյանջևիի արձանի էսքիզի համար։

1941 թ. – հունիսի 23-ին սուտ մատնությամբ ՆԿՎԴ-ի կողմից ձերբակալվել և բանտարկվել է։

1943 թ. – օգոստոսի 23-ին ընկերների՝ Կարո Հալաբյանի և Անաստաս Միկոյանի աջակցությամբ ազատվել է։

1944-1945 թթ. – գեղանկար և նկարչություն է դասավանդել ճարտարապետության ֆակուլտետում։

1947-1948 թթ. – աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Մոսկվայում հեղինակային վկայական է ստացել մոմաներկերի պատրաստման նոր (սառը) մեթոդի հայտնաբերման համար։

ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է ընդունել նրա մեթոդով մոմաներկերի արտադրություն կազմակերպելու մասին։

1953 թ. – Զվարթնոց տաճարի մոտ տեղադրվել է «Զվարթնոցի արծիվ» հուշակոթողը (բրոնզ)։

1955 թ. – Սոնյա Դելոնեն, Մելինե Քոչարը, Վալդեմար Ժորժը Փարիզում Քոչարի անհատական ցուցահանդեսի բացման կամպանիա սկսեցին, որի կապացությամբ էլ  ֆրանսիական մշակույթի ականավոր գործիչների կողմից հանրագիր ստորագրվեց (ցուցահանդեսը բացվեց միայն 1966 թվականին, առանց հեղինակի և նրա հետփարիզյան ստեղծագործությունների ներկայության)։

1956 թ. – արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման։

1959 թ. – Երևանի կայարանամերձ հրապարակում տեղադրվեց Սասունցի Դավթի ձիով հուշարձանը (կոփածո պղինձ)։

1963 թ. – Ժամանակակից արվեստի թանգարանի Ժորժ Պամպիդուի կենտրոնը (Փարիզ) ձեռք բերեց «Տարածական գեղանկարչության» ստեղծագործություններից մեկը (1934 թ.)։

1965 թ. – Առաջին անհատական ցուցահանդեսը Երևանում։

Ստացավ ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչում։

1967 թ. – «Սասունցի Դավիթ» արձանի համար արժանացել է պետական մրցանակի։

1969 թ. – Էջմիածնում տեղադրվել է Կոմիտասի արձանը (կոփածո պղինձ)։

1970 թ. – մասնակցել է «Ուրարտուից մինչև մեր օրեր» ցուցահանդեսին (Լուվր, Փարիզ)։

1971 թ. – Երկրորդ անհատական ցուցահանդեսը Երևանում, Հայաստանի Նկարիչների միությունում։

1972 թ. – Հրատարակվեց «Երվանդ Քոչար» ալբոմը (հեղինակ-կազմող՝ Հ. Իգիթյան)։

1973-1974 թթ. – անհատական ցուցահանդեսներ Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մոսկվա), Բաքվում և Թբիլիսիում։

Քոչարի աշխատանքները ձեռք են բերել Տրետյակովյան պատկերասրահը և Ռուսական թանգարանը։

1975 թ. – Երևանում տեղադրվեց երկրորդ ձիավորը՝  «Վարդան Մամիկոնյան» հուշարձանը (կոփածո պղինձ)։

1976 թ.-ից ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։

1978 թ. – գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդես։

1979 թ. – հունվարի 22-ին վախճանվել է Երևանում։

1980 թ. – հետմահու ցուցահանդես Հայաստանի Նկարիչների միությունում։

1984 թ. – Երևանում բացվել է Երվանդ Քոչարի թանգարանը։

1989 թ. – հետմահու ցուցահանդես Փարիզում՝ 90-ամյակի առթիվ։

1997 թ. – Քոչարի անունը գրանցվել է 1998-1999 թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվող Հիշարժան օրերի ցուցակում։

2000 թ. – լույս է տեսել «Քոչար» նոր ալբումը (հեղինակ-կազմող՝ Հ. Իգիթյան)։

Աշխատանքները գտնվում են Ե. Քոչարի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), Տրետյակովյան պետական պատկերասրահում (Մոսկվա), Ժ. Պոմպիդուի կենտրոնում (Փարիզ), Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարանում (Մոսկվա), Գյուլբենկյան թանգարանում (Լիսաբոն), Հայաստանում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Shopping Basket