ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվեց 1972թ․ Հենրիկ Իգիթյանի կողմից, ով 37 տարի հանդիսանում էր թանգարանի տնօրեն։ Թանգարանի ստեղծման գործում Հ․Իգիթյանը մեծ աջակցություն ստացավ Երևանի այն Ժամանակվա քաղաքապետ Գ․Հասրաթյանից, ինչպես նաև 60-ական թվականների հայ լավագույն նկարիչների կողմից։
Որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան հայ մշակույթի այս օջախը դարձավ առաջինը նախկին Սովետական Միության տարածքում։ Հետագա 20 տարիների ընթացքում այս թանգարանը մնում էր Ժամանակակից արվեստի միակ կենտրոնը վերը նշված ռեգիոնում։ Թանգարանը բացվելուց հետո այն միանգամից դարձավ Երևան այցելող պաշտոնական հյուրերի և զբոսաշրջիկների սիրված վայրը։ Թանգարանի առաջին էքսպոզիցիան լիովին կազմված էր 60-ական թվականների ինչպես Հայաստանում այնպես էլ սփյուրքում բնակվող ժամանակակից հայ նկարիչների գործերից, որոնք վերջիններս մեծ սիրով նվիրաբերեցին մոդեռն արվեստի օրրանին։
Սովետական Միության գոյության ժամանակահատվածում սոցիալիստական ռեալիզմի մենաշնորհի պայմաններում մոդեռն արվեստի արգելված էր իր բոլոր արտահայտումներով։ Այդ իսկ պատճառով կառավարության կողմից ոչ մի ֆինանսական օգնություն չէր ցուցաբերվել մշակույթի այդ օջախին։ Այսպիսով՝ թանգարանը կայացավ շնորհիվ հայ նկարիչների նվիրատվությունների։
60-ականների սերնդի, մասնավորապես, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատուրյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Աշոտ Բայանդուրի ստեղծագործությունները այսօր նույնպես կազմում են թանգարանի ցուցադրության հիմնական առանցքը։
Ժամանակի ընթացքում թանգարանի հավաքածուն համալրվեց 1980-ականների նկարիչների նվիրատվություններով՝ Սարգիս Համալբաշյանի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինե Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Ռուբեն Գրիգորյանի, Կամո Նիգարյանի, Արմեն Գևորգյանի, Տիգրան Մատուլյանի, Թենի Վարդանյանի, Գաբրիել Մանուկյանի, Վահան Ռումելյանի, Նինա Խեմչյանի, Այվազ Ավոյանի և այլոց։
2004թ․ բարերար Գրիգոր Մուրադյանի կողմից թանգարանը ստացավ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանֆակագործ Էմիլ Կազազի աշխատանքները, իսկ 2010-ին Կապանի Պղինձամոլիբդենային կոմբինատի կողմից՝ կանադաբնակ արվեստագետ Կարեն Պետրոսյանի քանդակները։
Ուշագրավ է թանգարանի տպագրական գործունեությունը։ Հենրիկ Իգիթյանի գլխավորությամբ թանգարանի աշխատակազմը վերջին տարիներին հրատարակեց մի շարք ալբոմներ՝ "Քոչար", "Ա․ Բաժբեուկ–Մելիքյան", "Հովնաթանյանից Մինաս", "Թանգարան", "Հայկական գունապնակ I", "Հայկական գունապնակ II", "Մինաս Ավետիսյան", "Վրույր Գալստյան", "Աշոտ Հովհաննիսյան", "Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան" պատկերագիրքը, ինչպես նաև 1980-ականների նկարիչների անհատական կատալոգները։
Այսօր սովորականի պես Ժամանակակից արվեստի թանգարանը սպասում է իր այցելուներին, որոնք արվեստի նմուշներին ծանոթանալու հետ մեկտեղ կարող են ստանալ նաև մասնագիտական մեկնաբանություն հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով։
Ստեղծման օրից առ այսօր թանգարան այցելել են բազմաթիվ նշանավոր մարդիկ արվեստի և գիտության հանրաճանաչ անձնավորություններ։ Բոլորի կողմից նշվել է այն փաստը, որ թանգարանն ունի իր դեմքը, իր քննախույզ հայացքը աշխարհին, որով նա տարբերվում է նույնօրինակ շատ թանգարաններից։ Պատվավոր այցելուներից էին ակադեմիկոս, Էրմիտաժի տնօրեն՝ Բորիս Պիատրովսկին, գրող Չինգիզ Այթմատովը, մեքսիկացի նկարիչ Դավիդ Ալֆարո Սիկեյրոսը, իտալացի կինորեժիսոր Միքելանւելո Անտոնիոնին, իտալացի նկարիչ Ռենատո Գուտտուզոն, իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, Բոհումի թանգարանի տնօրեն Պետեր Շպիլմանը, ինչպես նար հայ ազգի հանրաճանաչ գործիչներ՝ Վիլյամ Սարոյանը, Տիգրան Մանսուրյանը, Աղասի Այվազյանը և այլն։
Թանգարանի ստեղծման փաստի կարևորության մասին 1979թ․–ին հանրաճանաչ ռուս արվեստաբան Ալեքսանդր Կամենսկին գրեց․ "․․․Թանգարանն ի սկզբանե ուտոպիական գաղափար էր, նախաձեռնողները չունեին ոչ շինություն ցուցադրությն համար, ոչ միջոցներ՝ նկարիչների ստեղծագործություններ գնելու համար։ Սակայն նրանք ունեին ավելի կարևոր և արժեքավոր բան՝ համոզմունք, որ Հայաստանին անհրաժեշտ է տեսնել և հասկանալ սեփական արվեստի կերպարանքը մեր օրերում․․․"
Վերջին տարիներին ևս թանգարանը համալրվեց ոչ միայն հայ այլև օտարազգի արվեստագետների աշխատանքներով՝ Թալին Զաբունյանի (Ֆրանսիա), Սեմ Գրիգորյանի (Գերմանիա), Հարություն Ջինանյանի / Ջինո (Ռուսաստան), Վաչե Դեմիրչեանի (Ֆրանսիա), Լորան Նիսու Սուն–ի (Ֆրանսիա), ՍԻԲ–ի (Ֆրանսիա), Քրիստին Հագոպյանի (Ֆրանսիա), Տիպասարի (Ֆրանսիա), Շարիս Գարաբեդյանի (Ֆրանսիա), Սեբաստիանոյի (ԱՄՆ), Զիբա Աֆշարի (ԱՄՆ), Մայքլ Գորմանի (ԱՄՆ), Գարի Ջոնի (ԱՄՆ), Կարեն Բիստեդտի և Քրիս Բրաունի (ԱՄՆ), Հայկ Մեսրոպյանի (Շվեյցարիա), Օնիկ Ատամյանի (Անգլիա) և այլոց։